Հայ ժողովրդական առակներ

Կաղնու ծառն ու դդումը

Կաղնու ծառի տակ դդումի կորիզ է ընկնում ու ծիլ տալիս։ Որոշ ժամանակ անց դդումի թուփն էնքան արագ է աճում, որ փաթաթվելով ծառին, հասնում է կատարին ու դիմում նրան․

-Քանի՞ տարում ես էսքան բոյ քաշել։

-Երեք հարյուր տարում,-պատասխանում է կաղնին։

-Իսկ ես երեք ամսում հասա քեզ, շուտով մի բան էլ կանցնեմ։

-Դո՛ւ, որ հույսդ փոխանակ քեզ վրա դնեիր, ինձ փաթաթվելով՝ հասար իմ բոյին, ասա՝ էդ ո՞նց ես հաղթահարելու ձմռան դժվարությունները․․․։

-Կապրենք, կտեսնենք,- արհամարհելով վրա է բերում դդումը։

Աշնան վերջին, երբ սկսվում են ցրտերը, արևի և ջերմության սովոր դդումը սրթսրթալով ցրտից կուչ է գալիս ու ծառի ծերից թրմփալով ցած ընկնում։ Կաղնու ծառն իր բարձունիքց նայում է կիսված դդումին և ․․․ի՜նչ տեսնի․ հսկա դդումը երկու կես է եղել, իսկ մեջը՝ փուչ-դատարկություն է։

Հալածված թագավորը

Մեկը հարցնում է հալածված թագավորին․

-Ինչպե՞ս եղավ, որ քեզ քո թագավորությունից արտաքսեցին։

-Որովհետև բարձր պաշտոններն ու պատասխանատու գործերը փոքր ու անարժան մարդկանց էի վստահում, իսկ մանր-մունր գործերը՝ երևելի ու խելոք մարդկանց։

Ռանչպարի աչքով նայիր

Թագավորը մի վարպետ է կանչում ու պատվիրում․

-Պալատիս լուսամուտները փոխի՛ր ու էնպես արա՝ որ կողմը նայեմ, կանաչ-կարմիր երևա, աշխարհքս ամեն կողմից ու ամեն պահի փայլատկին տա։

Սարկավագ իմաստունը միջամտում է ու ասում․

-Թագավո՛րն ապրած կենա, դու աշխարհքին էդ լուսամուտով մի՛ նայիր, դու աշխարհքին հրե՜ն․․․ էն մաճը ձեռքին մարդու աչքերով նայիր։

Նմաններն իրենց գերեզմանի փոսն են փորում

Մարդկանց մի խումբ գնում է Իշխանի մոտ, խնդրում, հորդորում, որ կանչի իրենց կառավարչին, հասկացնի, խրատ տա, որ ժողովրդի հետ լավ վարվի։

Իշխանը լսում է նրանց ու հարցնում․

-Իսկ ի՞նչն է նման պահվածքի պատճառը։

-Առաջ նա շատ աղքատ էր, բայց պաշտոն ստանալուց հետո հիմա էնքան է հարստացել ու հոռացել, որ ունեցվածքից հարբել է ու ոչ մեկին մարդու տեղ չի դնում, բոլորին կոպտում և արհամարհում է,- պատասխանում են պատգամավորները։

Իշխանը գլուխը տարուբերում է ու ասում․

-Ունեցվածքից հարբածին ձեռք մի՛ տվեք․ էդպես երկար չի կարող գնալ․ նա ինքն իր ձեռքվ է իր գերեզմանի փոսը փորում․․․։

Երբ կաթին ջուր են խառնում

Պառավ մի կին իր այծերից կթած կաթի մեջ ամեն անգամ ջուր էր խառնում և ծախում։ Մի անձրևառատ օր էլ այծերն արածեցնող նրա թոռը տուն է գալիս առանց այծերի։

-Այծերն ո՞ւր են, բալե՛ս,-հարցնում է տատը։

-Նանի, այծերն արածեցնում էի, մեկ էլ ի՜նչ տեսնեմ․ էն ջրերը, որ ամեն անգամ կաթին էիր խառնում, բոլորն էկան, էկան, հավաքվեցին ու երկնքից, սարերից էնպես թափվեցին, որ ինչքան այծեր ունեինք, բոլորին իրենց մեջն առան ու քշեցին տարան․․․։

Չկա գիշեր, որ չլուսանա

Կեսգիշերին թոռը ձայն է տալիս․

-Պապի՛, գիշերն էս ինչի՞ երկարեց;

-Չի՛ երկարել, քնի՛ր, բալես։

-Լուսնյակ չկա, աստղ չկա, չորս կողմը մութ է, պապի՛։

-Քնի՛ր, տղա՛ ջան, հանգի՛ստ քնիր։ Չկա գիշեր, որ չլուսանա։

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությունցանկությունցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Շարունակել կարդալ

Ռ. Դավոյան «ԿԵՂԵՎԴ ԲԱՑ ԱՐԱ…»

Բաց քո կեղևը, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ…

Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք և սեր,
Եվ տառապանք, և սուգ:

Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Դե բա՛ց կեղևդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ:

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ՝
Որպես փոքրիկ գարուն: Շարունակել կարդալ

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Բացուել է գարունը, ջրերը պղտորուել,
Սար ու ձոր կանաչել, ծաղկով զարդարուել.
Ծիծեռը գտել է իր բույնը հեռուան,
Շինում է, կարկատում, դնում նոր ձվան.
Պաղ օձը տաքցել է, թողել է իր բույն,
Սոխակը մնում է վարդի բացուելուն.
Գուգարաց աշխարհը նոր կեանք է առել,
Լոքի ու լալվարի ձիւները հալուել.
Գետակը Բողնիքի վաղ արշալոյսին
Հորդացած վշշում է փրփուրն երեսին.
Անտառում Ուփրեթը ամրոցն Արամեան,
Զուգուել է զարդարուել նոր հարսի նման.
Բուրգերից խնդութեան արցունք է հոսում,
Կարծես թէ սիրարժան հիւրի է սպասում:
Ամրոցի տիրուհին չքնաղ ՀԱՅԿԱՆՈՒՇ,
Դեռ փափուկ անկողնում քնած է մուշ- մուշ.
Տեսնում է երազում մի մարդ աժդահայ,
Մի գերան ուսին դրած գալիս է ահա.
Գալիս է աժդահան ընկնում ոտքերը,
Ասում է «Հայկանուշ, դու ես իմ սէրը.
Կամ ինձ այս գերանով զարկիր, սպանիր,
Եւ կամ իմ խնդիրքըս լսի՛ր , ընդունի՛ր»:
Վեր կացավ տիրուհին փափուկ անկողնից.
Ինչպէս մի նոր արեւ ծովի խորքերից,
Ոսկեմազ ծամերը ճաճանչի նման
Ծածկեցին մինչեւ ոտք հասակն աննման.
Երեք չորս նաժիշտներ մոտեցան կուսին,
Տօն օրուայ հագուստով նրան զուգեցին:
Նոր տեսած երազը գրաւել է նրան,
Մտքիցը չի ընկնում ահռելի հսկան.
«Մենք շուտով, ասում է, մէկ հիւր կունենանք.
Պէտք է նրա յառջեւ դուռը չբանանք.
Ես տեսայ երազում մի մարդ ահարկու,
Եկել է և ոտքս ընկել իբրեւ փեսացու»…
Այդ հսկան, թէ կուզես իմանալ ճիշտը,
Ասում է ժպտալով նըրա նաժիշտը,
Երեկուայ գուսանի երգի հերոսն է,
Պասքամեան աժդահա Անգեղեան Տորքն է:
Պարխարեան լեռներում երգչի ասելով
Կենում է մի հովիւ քաջ Տորք անունով.
Նա մի շատ յաղթանդամ հսկայ է զորեղ,
Բայց սիրտը բարի է, թեւ սէմքն ահեղ.
(Թող մարդ կոշտ լինի անհարթ սարի պէս,
Բայց սիրտը չըլինի անշունչ քարի պէս),
Նրան շատ սիրում են թէ՛ մարդ, թէ՛ գազան,
Առիւծ եւ վագրեր են հօտին պահապան,
Նա խոմ քո ցեղիցդ է, քեզ մոտ ազգակից,
Մի պապի թոռներ եք եւ մէկ արիւնից.
Գուսանի ներբողը ազդել է վըրադ,
Երազում տեսել ես ազգակից հսկադ:
_Դուք պատրաստ մնացեք, ինչ էլ որ լինի,
Թող վրաս ունենամ իմ թուրն հավլունի.
Ամրոցի դռները ամուր փակեցեք,
Լուացեք գլխներըդ, մաքուր հագուեցեք.
Ես գիտեմ , երազս պիտի կատարուի,
Մենք հյուրին կընդունենք, եթէ ներս մտնի,
Թէ փակած դռնովը ներս գալ կարենայ,
Այդ նշան կըլինի, որ Քաջ Տորքն է նա»:
Իրաւ որ Քաջ Տորքն էր երազի հսկան,
Եկ գնանք, ընթերցող, եւ բերենք նրան: Շարունակել կարդալ

ՄԺՂՈՒԿԸ

— Ոչ ոք չտեսավ, թե ինչպես ծնվեց փոքրիկ մժղուկը։ Գարնան մի արև օր էր։ Աչքը բաց արավ, նայեց չորս կողմը ու կանչեց.

— Ի՜նչ լավ է։

Մին էլ ոտիկներն իրար քսեց ու թռավ։ Թռչում է և ուրախանում ամեն բանով։ Իսկ ներքևում խոտը կանաչին է տալի, և խոտի մեջ թաքնված մի կակաչ ժպտում է ու ժպտում։

— Ինձ մոտ արի, մժեղ,— կանչում է ծաղիկը։

Մժղուկը իջավ ծաղկի վրա, ծծեց նրա հյութն ու ասավ.

— Ի՜նչ լավ է, և էս բոլորն իմն է։ Շարունակել կարդալ

Լոռեցի Սաքոն

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

Գիշերը լուսնի երկչոտ շողերը

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։ Շարունակել կարդալ

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

 

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,

Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,

Թաթուլն անհաղթ, աննըկուն,

Շարունակել կարդալ

ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.

Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով, Շարունակել կարդալ