Ամառային ընթերցանության մեդիափաթեթ

Ողջո՜ւյն, սիրելի՛ սովորողներ, կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ, որ ամառը առաջին հերթին արկածային ճամփորդությունների ու ստեղծագործելու հաճելի ժամանակահատված է։ Ընթերցանությունն էլ հե՛նց այդ արկածային ճամփորդություններից մեկն է, չէ՞ որ այն մտքի թռիչքով կարող է մեզ գունեղ ու երևակայական աշխարհներ տեղափոխել։

Կա՞ ավելի հաճելի զվարճանք, քան ծառի զով ստվերում, խոտերի վրա պառկած կամ սիրելի անկյունում մեկնված, նախընտրած գրքի ընթերցում-վայելումը․․․

Խորհուրդ եմ տալիս արձակուրդների ընթացքում շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, շա՛տ ընթերցել ու ստեղծագործել։ Հնարավորինս արդյունավետ օգտագործեք ինքնակրթության այս հրաշալի ժամանակահատվածը, համարձակ ճամփորդեք երևակայության աշխարհներում ու հարստացե՛ք նորանոր մտքերով․․․ Մաղթում եմ բոլորիդ լեցուն ու ստեղծական ամառ։

Սիրով՝ ձեր ընկեր Արմինե

Հետգրություն

Անհամբեր կսպասեմ ձեր առաջարկներին ու արձագանքներին։ 

Չորրորդ դասարանի սովորողների համար

Ջաննի Ռոդարի

Աստրիդ Լինդգրեն

Էրիխ Ռասպե

Մարկ Տվեն <<Թոմ Սոյերի արկածները>>

Դասական մատենաշար

<<Հայդի>>

<<Գանձերի կղզին>>

Չինական ժողովրդական հեքիաթներ

Արևի լեռը

Իմաստուն հեքիաթներ

Ալեքսանդր Վոլկով

Հինգերորդ դասարանի սովորողների համար

Այլ, սովոողի ընտրությամբ

Ձոն մայրությանը և գեղեցիկին

Պարույր Սևակ <Մոր ձեռքերը>

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝

Ի՜նչ նազանքով,

Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,

Առաջնեկն է երբ որ ծնվել,

Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը

Ծով լռությա՜մբ,

Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,

Որ չփլվի իր տան սյունը՝

Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝

Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,

Այս ձեռքերը՝ ուժը հատած,

Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝

Նո՜ւրբ ձեռքերը,

Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած-սնած,

Մեզ աշխարհում շահած-պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող — լվացք անող,

Անվերջ դատող — անվերջ բանող

Ա՛յս ձեռքերը,

Թող որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պես

Խա՜ս ձեռքերը…

Հովհաննես Շիրազ․ <Մայրս>

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբունն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս։

Մայր

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել
Լուսնյակ դառնալով որդոց օրոցքին…

Եվ հիմա քիչ է, թե աչքեչս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ա՜խ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

Վահան Տերյան․ <Կարծես թե դարձել եմ ես տուն>

Կարծես թե դարձել եմ ես տուն
Բոլորն առաջվանն են կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռքերդ մաշված ու բարակ:
Նայում եմ,մինչև որ անզոր
Գլուխս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթդ անվերջ օրորում,
Իլիկդ խոսում է անուշ…

Աշոտ Գրաշի < Քո ձեռքերը, մայր>


Գնամ սարը,վարդեր բերեմ,
Որ գրկիդ մեջ վարդեր բուրեն,
Քո ձեռքերը ես համբուրեմ,
Քո ձեռքերը անուշ են,մայր:
                                Քո ձեռքերն են ինձ բարուրել,
                                Քո ձեռքերն են ինձ օրորել,
                                Քո ձեռքերն են ինձ գուրգուրել,
                                Քո ձեռքերը անուշ են,մայր:
Քո ձեռքերը`դալար ճյուղեր,
Քո ձեռքերը`գարնան հավքեր,
Քո ձեռքերը`կյանքի երգեր,
Ով է ասում, թե հուշ են,մայր:

Աղավնի <Մայրիկիս>


…Միայն հողի հետ կարող եմ չափել
Սիրտը մայրական հավերժ բարեգութ,
Հավերժ սիրառատ և հավերժ անսուտ,
Միայն հողի հետ կարող եմ չափել:
Ու եթե անսուտ այս հողի վրա
Հազար ձևերով կյանքն է բողբոջում,
Այդ նրանից է,որ ծոցում նրա
Հավերժ կենդանի մոր սիրտն է ննջում:      

Եղիշե Չարենց «Մորս համար գազել»

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, 
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: 

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց — 
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Շիրազ. ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Եղիշե Չարենց

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Համո Սահյան

Գարնանամուտ

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Գարուն, շուտով կփռես
Դու քո թևերը կանաչ,
Ու մանկիկս կթռչի
Ծիծեռնակին ընդառաջ:

Եվ ուր որ է կլսեմ
Սարյակների վեճը տաք,
Ակոսներից բարձրացող
Գոլորշու մեջ կապուտակ:

Խայտում է հողն, ու հողից
Քնքուշ ծիլերն են խայտում,
Նայում ես այդ բոլորին,
Հրճվանքից սիրտ է պայթում:

Նայում եմ այդ բոլորին,
Եվ բոլորից, բոլորից
Արթնանում է կրծքիս տակ
Պատանությունս նորից:

Հին օրհնություն

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Կանաչ եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Առաջադրանքներ

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Օրինակ՝ եղևնի- շքեղ եղևնի

բուք-

ընկեր-

բացատ-

երկինք-

անտառ-

մանուկներ-

վաղորդայն-

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞) հարցին պատասխանող բառեր։

Գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

պերճ-

հրճվանք-

զուգվել-

հպարտ-

մանուկ-

Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ եղևնուն նկարագրող հատվածները։

Բնութագրի՛ր եղևնուն։

Ինչի՞ մասին է այս բանաստեղծությունը։ Մի քանի նախադասությամբ վերլուծի՛ր այն։

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից եղևնու մասին բնագիտական տեղեկություններ հայթայթի՛ր։

Գրի՛ր ստեղծագործական շարադրություն <Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև> վերնագրով։

Ուրբաթ-համերգի ընթերցարան

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գընացին, ճամփաներ։

1922


ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

․․․

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Ընթերցարան

Չորրորդ և հինգերորդ դասարանների համար նախատեսված նախագծային առաջադրանքների մեդիափաթեթ։

Կարդում ենք Վիլյամ Սարոյան

Առակներ

Վիրավոր առյուծն ու կրիան

Նապաստակն ու առյուծը

Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց

Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին

Հեքիաթ

Ես

Պատմվածքներ

Առաջին օրը դպրոցում

Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը

Հատվածներ <Մարդկային կատակերգություն> վիպակից

Ծիրանի ծառը

Յուլիսիս

Հոմեր

Ճառ մարդկային քթի մասին

Կարդում ենք Կոմիտաս․ բանաստեղծություններ

Կարդում ենք Համո Սահյան․ բանաստեղծություններ

4-րդ դասարանում

5-րդ դասարանում

Ավետիք Իսահակյան

4-րդ դասարանում

Նուկիմ քաղաքի խելոքները

Եղնիկը

Երջանիկ խրճիթը

Գետակի վրա

5-րդ դասարանում

Արագածին

Ամենապիտանի բանը

Երգի հրապույրը

Ահմեդի ուղտը

Հովհաննես Թումանյան

4-րդ դասարանում

Բանաստեղծություններ

Համերգ

Գարնան առավոտ

Կանանչ ախպեր

Ամենից լավ տունը

Հեքիաթներ

Չախչախ թագավորը

Ոսկի քաղաքը

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Պատմվածք

Մայրը

5-րդ դասարանում

Հեքիաթներ

Քաջ Նազարը

Անգին քարը

Պատմվածքներ

Ահմադը

 Բանաստեղծություններ

Պատրանք

Երկու սև ամպ

Իմ երգը

Եղիշե Չարենց

 Բանաստեղծություններ

5-րդ դասարանում