Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

2 comments on “Քամու համբույրը

Թողնել մեկնաբանություն