Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։
  2. Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։
  3. Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։
  4. Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։
  5. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
  6. Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։
  7. Բացատրի՛ր հետևյալ միտքը․

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

8. Տրված բառերի գործածությամբ, ութնյակներ / ութ տողից կազմված բանաստեղծություն/  կամ քառյակներ/ չորս տողից կազմված բանաստեղծություն/, հորինի՛ր: 

Մասուր, սարսուռ, աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, մուժ, քամի, տանի:

9. Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։

10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։

11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պատրաստի՛ր։ 

 

1 comments on “Ժայռից մասուր է կաթում

  1. Ծանուցում՝ Ուսումնական աշուն-առաջադրանքների փաթեթ | Դասավանդողի բլոգ

Թողնել մեկնաբանություն