Դիջիպատում 2013-2014 կամ կրթահամալիր առանց սահմանների

Ինձ համար յուրաքանչյուր անցնող տարի հիշարժան է,  ամեն մի ապրված օր` մեծ ձեռքբերում: Այս դիջիպատումն էլ լավ առիթ է, արդեն` անդարձ  2013 թ. վերլուծելու,  ձեռքբերումներիս ու բացթողումներիս հրապարակավ կամ մտովի անդրադառնալու համար:

2013 թվականը ինձ համար բեկումնային տարի էր` լեցուն անսպասելի շրջադարձերով: Այդ շրջադարձերից մեկն էլ` հենց իմ աշխատանքը Դպրոց-պարտեզում շարունակելու առաջարկն էր: Պետք է խոստովանեմ, որ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում չեմ դադարել ինձ կրթահամալիրի լիրարավ, գործուն անդամ զգալ: Դավթի հետ մասնակցել ենք կրթահամալիրային ծեսերին ու կայքի միջոցով հետևել կրթահամալիրի բոլոր իրադարձություններին: Ինքնակրթության նպատակով, իմ հագեցած օրվա ազատ ժամանակահատվածը  անցկացրել եմ Դպիր ամսագրի հոդվածները ընթերցելով, տեխնիկական հմտություններս կատարելագործելու նպատակով, ընկերներիս օգնությամբ սովորել ու վարել եմ որդուս բլոգը, նոր ծրագրեր սովորել, սակայն իմ ոգևորության աղբյուրն ու հետազոտական աշխատանքի ամենաթեման` Դավիթն Սեբաստացին էր: Անկեղծ ասած,  չէի ծրագրել ընդհատել  ֆիզարձակուրդս, որովհետև համոզված էի, որ  երեխային մսուրային խումբ տանելը  միայն ծայրահեղ դեպքերում կարելի է արդարացնել: Կարծում էի, որ տղաս  դեռ բավարար չափով ինքնուրույն չէ ու օտար միջավայրում իրեն լավ չի զգա, որ առավոտյան չի կարողանա ժամանակին արթնանալ, ճանապարհ հաղթահարել ու այդիսով կխոչընդոտի նաև իմ աշխատանքին…: Ինչ վերաբերում էր աշխատանքս Դպրոց-պարտեզում շարունակելուն…. Դպրոց-պարտեզի հետ կապող ամենահամոզիչ գործոնը, մեծ սերս ու վստահությունս էր ԱմենաՏաթևիս` Դպրոց-պարտեզի տնօրինուհու հանդեպ: Կրթահամալիրում աշխատելու տաս տարիների ընթացքում, մի կարճ հատված` մոտ երկու ամիս աշխատել էի Դպրոց-պարտեզում, բայց  վերջին վեց տարիների ընթացքում 2005-2011թթ. , Գեղարվեստի դպրոցը հարազատ ու անփոխարինելի կրթօջախս էր դարձել: Սիրելի ընկերներս, սաներս, ծնողական համայնքը, իմ յուրօրինակ Գեղարվեստը, ընկերներիս ու նաև իմ բնորոշմամբ` ,,հայրական տունս,, ,  որի հետ են կապված իմ կյանքի ամենագեղեցիկ ու անմոռաց պահերը… Թվում է բոլոր հիմնավորումներն ունեի աշխատանքային առաջարկը մերժելու: Մի քանի օր ինքս ինձ հետ կռիվ էի տալիս` փաստարկներ բերում, ժխտում, համոզում: Հետո որոշեցի անտարբեր չգտնվել ու  հանգամանքների բերումով,  իմ գործընկերոջ` Նաիրա  Դալուզյանի կիսատ թողած աշխատանքը շարունակելու պատրաստակամությամբ, գործուղվեցի Դպրոց-պարտեզ:  Արդեն չորս ամիս է, ինչ ես ու Աշխեն Թադևոսյանը` իմ անփոխարինելի օգնականն ու ընկերը, աշխատում ենք երրորդ դասարանցի մեր սաների հետ: Մեր համագործակցությունը  նախադեպը չունեցող տարբերակ է, որը օգտակար է երկուսիս ու համոզված եմ` նաև երեխաների համար: Կազմակերպման այս ձևը մեծ աջակցություն էր ինձ համար, որովհետև դժվար կլիներ ողջ ծանրաբեռնվածությամբ աշխատելը: Ես աշխատում եմ կես օորով, իսկ Աշխենը` երեխաների հետ աշխատում է մինչև աշխատանքային օրվա ավարտը, անհրաժեշտության դեպքում նաև փոխարինում է ինձ: Սեպտեմբեր ամսվանից սկսած,  իրականացրել ենք Տիեզերք, Խնկոյանական օրեր, Սեբաստացու օրեր, Ամանորը  և Սուրբ ծնունդը Ֆրանսիայում նախագծերը, սակայն մեր ամենակարևոր նախագիծը եղել և մնում է մեր սաների ու նրանց ծնողների վստահությունն ու հարգանքը նվաճելու նախագիծը: Նախագծային  աշխատանքը պահանջում է բազմակողմանի, կազմակերպված ու քայլ առ քայլ , շարունակական աշխատանքի ընթացքի ներկայացում, արդյունքների ամփոփում: Այս առումով ես իհարկե թերացումներ ունեմ, սակայն ինձ հուսադրում է այն համախմբող, աշխատանքային ու ոգևորող տրամադրությունը , որը միշտ տիրել է մեր դասարանում:

2013-ը բացահայտումների, ձեռքբերումների տարի

Կրթահամալիրն ինձ համար բացահայտեցի 1997 թվականից, երբ ընդունվեցի մանկավարժական քոլեջ: Քոլեջ ընդունվելու համար, մենք պետք է մի քանի / չթվարկեմ/ առարկաներից ստուգումներ հանձնեինք: Բոլոր ստուգումներն էլ յուրահատուկ էին ու նման չէին մեզ արդեն ծանոթ` ձանձրալի ստուգողականներին ու քննություններին, սակայն ինձ համար հիշարժան է մայրենի լեզվի ստուգումը, մեր ստեղծագործական շարադրության վերնագիրը`  ,,Ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում ,,: Երբ կարդացի ռոդարիական այս տողերը, ինձ համար պարզ դարձավ, որ ուրիշ աշխարհ եմ ոտք դրել, որ էստեղ ամեն ինչ այլ է լինելու: Այո’, հենց այս աշխատանքի միջոցով ես առաջին անգամ ճանաչեցի, բացահայտեցի կրթահամալիրը:

Սիրով խոստովանում եմ, որ իմ բոլոր տարիների ամենամեծ ձեռքբերումը, անսպասելի լուծումների, իմացումի ու ստեղծագործելու հրճվանք պարգևող  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրս է: Կրթահամալիր, որը միշտ գրավիչ է և’ նորելուկ սեբաստացիկների, և’ նորեկների և’ հնաբնակների համար:

2013 թվականի ամենաէական ձեռքբերումը  Դպրոց-պարտեզի իմ գործընկերներն  ու սաներն են: Շնորհիվ Տաթև Բլեյանի ու նրա ղեկավարած համերաշխ հավաքանու, իմ բոլոր  մտավախություններն ու անհանգստությունները հօդս ցնդեցին: Որդիս զարմանալիորեն արագ ինտեգրվեց, ավելի ինքնուրույն ու կազմակերպված դարձավ: Ես ոչ մի պահ աջակցության ու հոգատարության պակաս չեմ զգացել, ինչն էլ ինձ օգնեց արագ հարմարվել իմ աշխատանքային նոր միջավայրում  ու ամեն օր ավելի վստահ գործել:  Հիմա ամեն առավոտ, մեծ խանդավառությամբ, ամենքս մեր գործին ենք շտապում :

2013-ի ամենամեծ ձեռքբերումը որդուս նորամուտն է կրթահամալիր:

Հիմա խոսեմ մասնագիտական ձեռքբերումներիս մասին: Այս չորս ամիսների մասնագիտական ձեռքբերումներս խիստ համեստ են, ուստի հարկ չեմ համարում  դրանց մասին հանգամանալից պատմել: Ամենաէական ձեռքբերումս իմ  չորս ամսական բլոգն է, որի տեխնիկական ու բովանդակային  կատարելագործման աշխատանքը 2014-ի իմ կարևոր անելիքներից մեկն է լինելու:

Այս ընթացքում նախագծային աշխատանքի նոր հմտություններ եմ ձեռք բերել, որոնք` ի հեճուկս գերակտիվ  որդուս, կփորձեմ կիրառել այս տարվա ընթացքում:

2014-թվականը հայտարարում եմ արդյունավետ գործելու, ունեցածս վերաարժեվորելու  ու նոր նվաճումների տարի:

2014-ի առաջին նշանակալի ձեռքբերումն ինձ համար Ձմեռային դպրոցի կազմակերպումն էր: Այս երեք օրերի ընթացքում ես բացահայտեցի, որ կրթհամալիրի յուրաքանչյուր դպրոց գրավիչ ու թանկ է ինձ համար: Կրկին հիշեցի ու կարոտեցի այն ուսուցիչներիս ու ընկերներիս, որոնք իրենց կարևոր ներդրումն  են ունեցել մեր կրթահամալիրի կայացման գործում ու հիմա մեզ հետ չեն աշխատում : Սեբաստացին սեբաստացի է, որտեղ էլ որ լինի: Կարևորը միասնության ոգին է , որը համախմբում է բոլորիս միևնույն գաղափարի շուրջ ու հավատարմությունը, որով տարբերվում են իրական սեբաստացիները:

1 comments on “Դիջիպատում 2013-2014 կամ կրթահամալիր առանց սահմանների

Թողնել մեկնաբանություն