Ճամբարի օրագիր․ մեր ջոկատում համագործակցային նախագծերը շարունակվում են

Ճամբարային երկրորդ շաբաթ

Օր վեցերորդ

Այսօր ճամբարային երկրորդ շաբաթվա առաջին օրն էր։ Առավոտից սկսած մեր ճամբարային առօրյան բազմազան էր և ուսուցողական։ Մենք այսօր ունեցանք երկու համագործակցային դաս, որոնց արդյունքում ծանոթացանք հետաքրքիր սեբաստացի ուսուցիչների և սովորողների հետ։

Մեր օրը սկսեցինք Միջին դպրոցի տեխնոլոգիայի լաբորատորիայում, որտեղ պետք է իրականացնեինք մեր ճամփորդական նախագծի աշխատանքներից մեկը։ Մեզ դիմավորեցին տեխնոլոգ-դասավանդողներ՝ ընկեր Թագուհին և ընկեր Մովսեսը։ Ընկեր Թագուհին մեզ պատմեց Մարտիրոս Սարյանի ստեղծագործական աշխատանքների առանձնահատկությունների, մասնավորապես՝ ծաղկանկարների մասին, որից հետո սկսեցինք սարյանական մոտիվներով կախազարդերի պատրաստումը։ Աշխատանքի ողջ ընթացքում ընկեր Մովսեսի և ընկեր Թագուհու օգնությամբ, սովորողները փորագրության և գծանկարչական աշխատանքի նորանոր հմտություններ ձեռք բերեցին։ Կավե կախազարդերի թրծումից հետո, նրանք կնկարազարդեն դրանք։

Աշխատանքի ընթացքը ոգևորող էր, իսկ արդյունքը՝ բացահայտումններով լի։ Շնորհակալ ենք մեր տեխնոլոգ ուսուցիչներին՝ օգտակար և արդյունավետ դասի համար։ Հուսով ենք՝ մեր համագործակցային աշխատանքները կշարունակվեն։ Հանդիպման ամբողջական տեսապատումը՝ ստորև։

Օրվա ընթացքում մեզ այցելեցին Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ՝ Ազգագրության փառատոնի շրջանակներում նոր պար սովորեցնելու նպատակով։ Մենք նրանց մեծ ոգևորությամբ դիմավորեցինք և ծանոթությունից հետո սկսեցինք պարուսուցումը։ Մեր պարուսույց՝ Մերին պատմեց ուսուցանվող պարի մասին և իր ընկերերի հետ սովորեցրեց <Տալտալա> պարը։ Մեր ավագ սեբաստացիները այնքան ոգևորեցին ու օգնեցին իրենց կրտսեր ընկերներին, որ նրանք կարճ ժամանակահատվածում հասցրին յուրացնել պարաքայլերը։ Ճամբարականներից մի քանիսն այնքան էին ոգևորվել, որ հադիպումից հետո էլ շարունակում էին պարել։ Վստահ եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքում ավելի լավ կպարենք և այս պարը կսովորեցնենք նաև մեր մյուս ընկերներին։

Մեր <Սովորող-սովորեցնող> համագործակցության ամբողջական տեսապատումը՝ ստորև։

Թողնել մեկնաբանություն