4-րդ դասարանի մայրենիի ելքի ստուգատես

Մասնակիցները՝ 4-րդ դասարանի սովորողներն են

Իրականացման ժամանակահատվածը՝  մայիսի 1-30-ը

Նպատակը՝  լեզվագործունեության արդյունքում ձեռք բերած հմտությունների, կարողությունների գիտելիքների ամփոփումն ու ներկայացումն է։

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա՝

  • Ազատ հաղորդակցվել գրական հայերենով
  • Գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • Տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • Ստեղծագործել տրված թեմայի շուրջ
  • Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվել
  • Անհատական բլոգը սպասարկել
  • Ձեռք բերած հմտությունները կիրառել

Նկարագրություն

Կրթահամալիրում սովորողների ուսումնառության շրջանն ամփոփվում է ամենամյա տարեվերջյան ստուգատեսների միջոցով, որոնց արդյունքում մասնակիցներն իրենց ձեռք բերած կարողություններն ու հմտությունները գործնականում կիրառելու, ներկայացնելու, ուսումնական բլոգները խմբագրելու և ինքնարտահայտվելու հնարավություն են ունենում։ Չորրորդ դասարաններում իրականացվող <Ելքի ամփոփիչ ստուգատես>-ը կրտսեր դպրոցի ավարտական քննությունների հեղինակային այլընտրանքն է, որը կազմակերպվում է երկու փուլով և իրականացվում բովանդակային հետևյալ ուղղություններով։

Ստուգատեսի բովանդակային ուղղությունները՝

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Ստեղծագործական մտածողությանն ուղղված աշխատանքներ

Բլոգային աշխատանքներ

Անհատական նախագծային աշխատանքներ (հետազոտական տարրեր կիրառող, ընթերցողական, անհատական հետաքրքրությունները, հոբբին ներկայացնող)

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Ստուգատեսը իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլի տևողությունը համընկնում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված <Ելք> ստուգատեսի ժամանակացույցին՝ մայիսի 1-31-ը։

Ստուգատեսի երկրորդ փուլ ( հունիսի 7 )

Ստուգատեսի երկրորդ փուլը համընկնում է մայրենի լեզվի ավարտական պետական ստուգումների ժամանակացույցին։

Ստուգատեսային աշխատանքների իրականացման քայլերը՝

1 Սովորողն իր բլոգում բացում է <Մայրենիի ստուգատես> բաժինը, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր առաջադրանքները։

2 Սովորողն իր ամենօրյա գործունեության արդյունքում իրականացնում է շաբաթվա կտրվածքով հանձնարարված, իսկ ցանկության դեպքում՝ անհատական պլանով որոշված ստուգատեսային առաջադրանքները։ Սովորողը հնարավորություն ունի առաջադրանքները կատարել հեռավար և առկա։ Շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների հղումները հրապարակում է իր բլոգի <Մայրենիի տուգատես> բաժնում և ամփոփումը ներկայացնում դասավանդողին։ Դասավադողը հետևում է սովորողների անհատական աշխատանքներին, հանդես գալիս դիտարկումներով, առաջարկություններով, իսկ յուրաքանչյուր շաբաթվա վերջում ամփոփում ու իր բլոգում հրապարակում է սովորողների ստուգատեսային աշխատանքների անվանական հղումները։

3 Սովորողը որոշված ժամանակացույցի ու ընդհանուր սահմանված կարգի համաձայն մասնակցում է տարեվերջյան գրավոր տեքստային աշխատանքին։ Գրավոր աշխատանքի արդյունքը ուղարկում է դասավանդողի էլ․ փոստին և հրապարակում իր ուսումնական բլոգի ստուգատեսային աշխատանքների բաժնում։ Հեռավար սովորողների դեպքում ստուգումը իրականացվում է որոշված ժամանակացույցի համաձայն, հեռավար սկզբունքով։ Ժամային գոտու տարբերությունների հանգամանքը հաշվի առնելով, հեռավար սովորողն իր աշխատանքը կարող է հրապարակել ժամերի տարբերությամբ։

4 Գրավոր աշխատանքի գնահատումն իրականացվում է մեկ օրվա ընթացքում և արդյունքը ուղարկվում է սովորողի անհատական էլ․ հասցեին։

Բովանդակություն

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

Գրի՛ր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի։

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Բլոգային հետազոտական աշխատանք

Հղումով ծանոթացի՛ր երրորդ դասարանն ավարտող կրտսեր ընկերներիդ բլոգներին։ Ընտրի՛ր երեք սովորողի բլոգ և կատարի՛ր անհրաժեշտ դիտարկումները։

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

1 Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

Աշխատանք Ջ․ Ռոդարու <Ի՞նչ կլիներ, եթե․․․> հնարի կիրառությամբ։

2 Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար․․․

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր․․․

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր․․․

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին․․․

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին ․․․

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին․․․

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին․․․

3 Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

Բանավոր խոսքին և տեխնիկական հմտությունների կիրառմանն ուղղված աշխատանքներ

1 Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։

Առաջարկվող թեմաներ՝

<Իմ նախասիրությունները>, <Իմ հոբբին> կամ <Ես․․․ եմ>

<Ընթերցանությունն իմ կյանքում> կամ <Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել>, <Իմ գրադարանը>

< Իմ բնակավայրը>, <Իմ դպրոցը>, կամ <Աշխարհի իմ փոքրիկ անկյունը>

Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։

2 Անսպասելի հարցադրումներ մշակի՛ր և հարցերդ ուղղելով ծնողներիդ, ընտանիքիդ անդամներից մեկին կամ ընկերոջդ, հետաքրքիր ռադիոհարցազրույց պատրաստի՛ր։

3 Հարցազրույցդ հրապարկի՛ր բլոգիդ համապատախան բաժնում և հղումն ուղարկի՛ր։

Ինքնագնահատում

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։

Տեքստային աշխատանքների կատարում

Ներբեռնի՛ր տեքստային աշխատանքները և կատարի՛ր։

Կրթահամալիրային տարբերակներ

Ընդհանրական տարբերակներ

Նախագծի ամփոփում

Թողնել մեկնաբանություն