Արջեր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

           Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

           Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

           Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը մեղրի սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել միչև գարուն:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

           Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը: Նրա ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր սպիտակ և գորշ արջերի մասին պատմող մեկական նախադասություն։
  • Ինչպիսի՞ն է գորշ արջերի արտաքինը։ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:
  • ականջները սուր են ու փոքրիկ, դունչը՝ կարճ, թաթերը՝ լայն։
  • ականջները երկար են ու մեծ, դունչը՝ տափակ, թաթերը՝ նեղ
  • Ուշադի՛ր կարդա և ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ չեն ուտում։ Նրանք սնվում են միայն իրենց որսած կենդանիներով։
  • Գորշ արջերը չեն կարողանում որս անել և սնվում են միայն մեղրով ու անտառային հատապտուղներով։
  • Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե մայր արջն ինչպես է խնամում իր քոթոթներին։
  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ լողորդներ են սպիտակ արջերը: Դո՛րս գրիր այդ մասին պատմող հատվածը։
  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արջերի մասին: 
  • Ի՞նչ է նշանակում <լույս աշխարհ գալ> դարձվածքը։
  • Գրի´ր կապույտով ներկված բառերի հականիշները։
  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

10    Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Քնել», «խնամել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Թողնել մեկնաբանություն