Թումանյանն՝ ընտանիքում

Նվարդ Թումանյանի <Հուշեր և զրույցներ> գրքից

Երեկոները, երբ մենք դաս էինք պատրաստում, հայրիկը հաճախ մեզ իր մոտ էր կանչում զրույցի և ասում կատակով․

-Դուք կարծում եք ձեր ուսուցիչները ինձանից լա՞վ բաներ են սովորեցնելու․․․

Նա չէր բավականանում զրույցի ժամանակ բանավոր խորհուրդներով, որոշ մտքեր խոշոր տառերով գրել էր քարտերի վրա և փակցրել սեղանատան նկարների տակ, որպեսզի երեխաները կարդան ու հիշեն․

<Հազար վերստի ճամփան էլ մի քայլով է սկսվում> Չինական առած

<Քո սրտի մեջ է փայլում քո բախտի աստղը> Շիլլեր

<Առողջ մարմնի մեջ՝ առողջ հոգի>

<Կարգը մեծ ուժ է>

<Մաքրությունը առողջության հիմքն է>։

Իր առանձնասենյակում, պատի վառարանի վերևում փակցրել էր այսպիսի խնդիրք․

<Խնդրում եմ չծխել և գիրք չխնդրել>։

Չէր սիրում, երբ ծանոթները, նույնիսկ մտերիմ մարդիկ, իր գրադարանից գրքեր էին խնդրում։ Դժվարությամբ էր մերժում, այդ պատճառով էլ իր խնդիրքը փակցերլ էր պատին, որ իրեն անհարմար դրության մեջ չդնեն, բայ և ստիպված էր լինում խախտել իր իսկ խնդիրքը։

․․․․․

Տանը շատ խիստ էր ու պահանջկոտ։ Ամեն ինչ, նույնիսկ մանր, աննկատելի բաները տեսնում էր, հետևում։ Կարգ ու կանոնի, մաքրության, ապրելու ձևի ու նման խնդիրներում չէր տանում անփութությունը, անհոգությունը, թափթփվածությունը։ Եթե սենյակներից մեկում նկարը ծռված էր տեսնում կամ մի բան իր տեղը չէր լինում՝ ուղղում էր, բարձրացնում, իր տեղը դնում ու ասում․ <Ապրելու ձև կիմանան, կսովորեն։ Արտիստի աչք պետք է ունենալ, ոչ թե նայել, այլ՝ տեսնել։ Կուլտուրան մեծ բան է>։

․․․

Զրույցի ժամերին, երբ խոսում էր աշխատանքի, գործի դժվարությունները հաղթահարելու մասին, ոգեշնչված օրինակ էր բերում իր սիրած հերոսին՝ <Հազարան բլբուլի> Արեգին․ նրան, որ իր նպատակին հասնելու՝ գազանը մարդ դարձնելու համար իր ճանապարհին անասելի դժվարությունների է հանդիպել և կամքի ուժով հաղթահարել։

Գրասեղանի աջ արկղից հանում էր <Հազարան բլբուլի> սև պորտֆելը և կադրում հատվածներ։

Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին։ Հաճախ էր ասում․ <Մեր տունը ձեզ համալսարան>։ Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով։ Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ ու ազնիվ ճաշակի տեր մարդիկ։

Որդուն՝ Արտավազդին, որ սովորում էր Մոսկվայի նկարչական դպրոցում, խորհորդ էր տալիս լայն զարգացում ձեռք բերել և եթե մի կոչում ունի՝ հասնել այդ կոչման գագաթին։ Խորանալ մասնագիտության մեջ, կենտրոնանալ, համառ աշխատանքով գիտելիքներ ամբարել։ <Առողջ հոգով ու մարմնով և ժամանակի գիտությունով ու լուսավորությունով ճոխացած,-ահա թե որն է մարդը>,- այս էր նրա խորհուրդը։

Եվ առհասարակ հայրիկը շատ էր մտահոգվում իր զավակների ապագայով։ Հաճախ մեզ կհավաքեր իր սենյակը և խրատական զրույցներ կաներ։ Այդ զրույցներից մեկի ժամանակ ասաց․ <․․․Կյանքս ձախորդ է եղել․ մեկ ու մեկ շեղվել եմ․ հեշտ, ուզածիս պես չի եղել․ դուք աշխատեցեք, դուք եղեք էնպես, ինչպես կուզեի>։

Ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում մեծ տեղ էր տալիս ճաշակին՝ կիրթ ու նուրբ ճաշակին։ Ամեն գռեհկություն, ամեն տգեղ, տձև ու կոպիտ բան վրդովում էր նրան։ Շարժ ու ձևից, հագնվելուց, ուտելուց սկսած մինչև հոգու բարձր արտահայտությունները։

Ասում էր․- Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում։ Ամենագլխավորը կյանքում՝ ճաշակն է։ Ճաշակը կյանքի բույրն է։

․․․

Նրա քեֆը գործ էր։

եվ ամեն մի գործ միշտ իր տանն էր սկսում՝ ճաշ ու ընթրիքով, հյուրասիրությունով, քեֆի միջոցով։ Մարդիկ էր հրավիրում, ինքը թամադայություն անում, կենացներ խմում, ճառեր ասում՝ մարդկանց ոգևորում էր, ջերմացնում, կապում գործին, իր հետ և գործը կենդանացնում էր, շարժում։

․․․

Երբ սեղան էինք պատրաստում, հյուրերին իր սենյակը թողած, գալիս էր տեսնելու մեր պատրաստած սեղանը։ Հետևում էր, որ ամեն ինչ իր տեղը, ճաշակով ու գեղեցիկ լինի։ Սեղանի վերևի մասում նստում էր ինքը՝ հյուրերի հետ, իսկ ցածի մասում՝ երեխաները։ Հյուրերին հրավիրելիս մի անգամ էլ էր ստուգում, որ ոչինչ չմոռանան՝ աղ, անձեռոցիկներ, աթոռներն իրենց տեղերը լինեն։

Քիչ էր ուտում, հյուրասիրում էր հյուրերին և զբաղեցնում։ Ասում էր, խոսում, կենացներ խմում և ամեն կենացի ու առիթի զանազան դեպքեր, անեկդոտներ պատմում։ Ինքը քիչ էր խմում․ ավելի ձևի համար․ խմեցնում էր հյուրերին։

Խոսում էր առակներով․ <Ասում են մի օր․․> և այլն։ Կամ՝ պատմում էր իր կյանքից որևէ դեպք․ <Մի իրիգուն․․․> կամ՝ <Մի ամառ․․․>։ Երբեմն մի դեպքի առիթով որևէ առակ էր պատմում, հետո ավելացնում՝ <Հիմի մերն ա․․․>։ Կամ թե չէ՝ <Դե հիմա կացեք, ձեզ մի բան պատմեմ․․․>, ու տաքացնում էր զրույցը։

․․․

Քանի որ մշտական եկամուտ չուներ՝ հաճախ էր նեղության մեջ ընկնում։ <Փողի նեղություն շատ է քաշել, շա՜տ, և մեր մեջ էլ ինչ խոսակցություն ու աղմուկ եղել է՝ միշտ փողի շուրջն է եղել ու փողի պատճառով>,- ասում էր մայրիկը։ <Ծանր, նեղ օրեր շատ ենք տեսել։ Առաջին անգամ հայրիկն իրեն համար կոստյում առավ նշանվելուց հետո՝ 1888 թ․ Զատկին։ Մի սև կոստյում առավ․ 16 ռուբլի տվեց>։

Հայրիկը մի օգնող շռայլ ձեռք պիտի ունենար, որ հասկանալով նրա <արքայավայել> ապրելու ձևն ու ձգտումը՝ անվերջ օգներ նրան։ Իհարկե, նա լավ ընկերներ ու բարեկամներ ունեցավ, ինչպես Փիլիպոս Վարդազարյանը, իշխանուհի Մարիամ Թումանյանը, բժիշկ Արիստակես Զարգարյանը և մյուսները, բայց բոլորը օգնում էին չափով ու որոշ ձևով, երբեմն նույնիսկ կշտամբանքով ու դժկամությամբ։ Դժգոհում էին, որ հազվագյուտ գրքեր է առնում, ճոխ գրադարան կազմում, շարունակ հյուրեր է հրավիրում ու շքեղ սեղաններ բացում, որ ստացած դրամից ուրիշներին բաժին է հանում։ Ուստի և հաշվով էին տալիս, հաշիվ պահանջում։ Մինչդեռ, հայրիկը հաշվով ապրող մարդ չէր ու չէր սիրում հաշվետու լինել, թե ինչ բանի վրա է ծախսել ստացածը։

Նյութականի հարցումշատ էր հպարտ, զգայուն, ինքնասեր․ իրեն պահում էր հարուստի նման, ապահովված մարդու նման։ Իր նեղ վիճակից չէր տրտնջում։ <Աստված եղածն օրհնի>,- ասում էր։

․․․․

Ճաշից հետո, երբ հյուրեր քիչ էին լինում, մի քանի հոգի, նրանց տանում էր իր սենյակը, հավաքում <զրույցի սեղանի> շուրջը, ինքը վառարանի կրակի վրա սուրճ էր պատրաստում։

սուրճն իրեն վնաս էր, բժիշկներն արգելել էին, բայց ինչպես ինքն էր ասում, <շախի խաթե> և՛ պատրաստում էր, և՛ խմում։

Սիրում էր քաշովի՝ խորոված ձկան (դասպիչի) հետ։ Ձուկը փաթաթում էր լրագրի մեջ, դնում վառարանը, խորովում։ Ծննդավայրի թխվածքներն էր սիրում, որ կերել էր մանուկ օրերին՝ ամենից շատ թարմ սերուցքով պատրաստած ագդակը, ապա և հալվան, խավիծը, նազուկը, գաթան, բաղարջն ու բիչին։

․․․․

Գրում էր խոշոր տառերով, մեծ թափով, արագ, հեշտ ու թեթև, իր քայլվածքի նման։

Սևագրերը ինքն էր արտագրում, երբեմն միայն, հիվանդ ժամանակ, այն էլ հեքիաթներ թարգմանելիս՝ մեզ էր տալիս արտագրելու։

․․․

Սրտաբաց խառնվածք ուներ հայրիկը, և ուզում էր, որ ուրիշներն էլ այդպես լինեին․ <Արշխարհքին ու մարդուն նայել բարի սրտով ու պայծառ հայացքով>։

Մեծ կարևորություն էր տալիս հայեցողությանը, ինչպես երբեմն ինքն էր ասում՝ պայծառությանը, հոգու խաղաղ, անդորր վիճակին, երբ մարդը մեն-մենակ խորասուզվում է իր մտքերի մեջ, կենտրոնանում է, խորանում։

․․․

Ամառները, երբ գյուղ էր գնում, հարազատների ազգականների, ընկերների համար նվերներ էր տանում։

Քույրերի և հորեղբոր աղջիկների համար գնում էր սպիտակ կամ գունավոր գլխանոցներ, տան հարսների համար՝ կարմիր, իսկ տան մեծերի համար՝ սև։

Գյուղի երեխաների համար մեծ արկղով կոնֆետ ու գալեթ էր տանում, շաղ էր տալիս սեղանի վրա կամ բարձրանում էր կտուրը, երեխաներին հավաքում շուրջը և բաժանում։

․․․

Թողնել մեկնաբանություն